ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության

Գլուխ 1.

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1.

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը /այսուհետ՝ ճյուղային արհմիություն/ իրավաբանական անձանց միություն է, որը միավորում է ՀՀ բանկային ոլորտի արհեստակցական կազմակերպություններին, նրանց և նրանցում միավորված վարձու աշխատողների ընդհանուր շահերը և իրավունքներն արտահայտելու ու պաշտպանելու համար:

Հոդված 2.

Ճյուղային արհմիությունը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Սահմանադրության,ՀՀ օրենսդրության, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:

Ճյուղային արհմիությունը անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից, վերջիններիս հետ իր հարաբերությունները կառուցում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Հոդված 3.

Ճյուղային արհմիությունը ինքնուրույն է որոշում իր կառուցվածքը, ընտրում՝ ղեկավար և վերստուգող մարմիններ, հրավիրում՝ համաժողովներ, ղեկավար մարմնի նիստեր, ստեղծում՝ հաստիքային աշխատողների խումբ, կազմակերպում նրա աշխատանքը:

Հոդված 4.

Ճյուղային արհմիության և նրա ղեկավար մարմնի գտնվելու վայրն է. Հայաստանի Հանրապետություն , քաղաք Երևան , Վ. Սարգսյան 26/3 , Միությունների տուն , 6-րդ հարկ , 613-614 սենյակ , հեռ.56-41-40:

Հոդված 5.

Ճյուղային արհմիության անվանումն է՝ հայերեն՝ « Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միություն »,

ռուսերեն՝ « Отраслевой Республиканский союз профсоюзных организаций работников банков и финансово-кредитных учреждений Армении ».

անգլերեն՝ « Branch republical union of banks, financial institutions employees and professional employees of trade unions of Armenia ».

Գլուխ 2.

Ճյուղային արհմիության նպատակները և խնդիրները, գործունեության առարկան և սկզբունքները

Հոդված 6.

Ճյուղային արհմիությունը ներկայացնում և պաշտպանում է մասնակից /անդամ/ արհեստակցական կազմակերպությունների միությունների շահերը, ինչպես նաև մասնակից /անդամ/ կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը գործատուի մոտ, համախմբում է մասնակից /անդամ/ կազմակերպությունների ջանքերը հանուն վարձու աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման ու ամրապնդման:

Հոդված 7.

Ճյուղային արհմիությունը իր գործունեությունը իրականացնում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, համերաշխության, ժողովրդավարության, ինքնակառավարման, հրապարակայնության սկզբունքներով:

Հոդված 8.

Ճյուղային արհմիության խնդիրներն են.

1. Ներկայացնել և պաշտպանել մասնակից /անդամ/ կազմակերպությունների շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններում, համակարգել և համախմբել մասնակից /անդամ/ կազմակերպությունների գործողությունները` հանուն վարձու աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքներ ու շահերի պաշտպանության:

2. Կնքել համաձայնագիր գործատուների հետ ՀՀ բանկային ոլորտի վարձու աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման և ամրապնդման նպատակով:

3. ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը:

4. Ապահովել արդյունավետ համագործակցություն այլ արհեստակցական միությունների հետ, իր ղեկավար մարմինների միջոցով մասնակցել բանկային ոլորտի վարձու աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական, իրավական շահերը շոշափող ՀՀ օրենքների, օրենսդրական ակտերի, բանկային ոլորտին վերաբերվող պետական ծրագրերի փորձաքննության աշխատանքներին, այլ միջոցառումներին:

5. Նպատակամղել ճյուղային արհմիության միջոցները մասնակից /անդամ/ կազմակերպություններում վարձու աշխատողների առողջարանային բուժման և հանգստի, մարզական և այլ միջոցառումբների կազմակերպման համար:

6. Կազմակերպել մասնակից /անդամ/ կազմակերպությունների արհմիութենական ակտիվի ուսուցումը և վերապատրաստումը, ցուցաբերել մեթոդական և գործնական օգնություն արհկոմիտեներին:

Հոդված 9.

Ճյուղային Միության պարտավորություններն են`

1. ՀՀ Օրենսդրության համաձայն համապատասխան մասնակցել ոլորտին վերաբերող արտադրական ծրագրերիմշակմանը և դրանց կենսագործմանը:

2. Վարել մասնակից /անդամ/ կազմակերպությունների հաշվառում:

3. Իր գործունեության մասին պարբերաբար տեղեկացնել մասնակից /անդամ/ կազմակերպություններին:

4. Օրացուցային տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, հրապարակել իր սեփականության օգտագործման տարեկան հաշվետվությունը:

Գլուխ 3.

Ճյուղային արհմիության սետղծումը և նրան մասնակցելը/անդամակցելը/, Բանկերի արհմիության մասնակիցների /անդամների/ իրավունքներն ու պարտականությունները

Հոդված 10.

Ճյուղային արհմիությունը ստեղծվում է բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական միությունների կեսից ավելիի կողմից հրավիրված հիմնադիր համագումարում: Արհեստակցական կազմակերպությունը և /կամ/ միությունը կարող են հիմնադիր լինել արհեստակցական կազմակերպությունների մեկ Ճյուղային Հանրապետական Միություն: Հիմնադիր համագումարը հաստատում է ճյուղային արհմիության կանոնադրությունը և կառուցվածքը, ընտրում և հաստատում է ղեկավար մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը, հաստատում է ղեկավար մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի աշխատակարգերը:

Հոդված 11.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճյուղային արհմիության մասնակից /անդամ/ կարող է լինլ ՀՀ բանկային ոլորտի յուրաքանչյուր արհեստակցական միություն, որը ընդունում է սույն կանոնադրությունը, ճանաչում և իրականացնում է նրա պահանջները, սույն կանոնադրությամբ սահմանված չափով և ժամկետում մուծում է անդամավճարը:

Հոդված 12.

Ճյուղային արհմիության մասնակից /անդամ/ կարող են լինել նաև բանկային ոլորտի առանձնացված ստորաբաժանումների արհեստակցական կազմակերպությունները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

Հոդված 13.

Ճյուղային արհմիությանը մասնակցելը /անդամակցելը/ և մասնակցությունից /անդամությունից/ դուրս գալը կամավոր է: Ճյուղային արհմիությանը մասնակցելու /անդամակցելու/ մասին արհեստակցական միության ղեկավար մարմնի որոշումը, դիմումի հետ միասին քննարկում է Ճյուղային արհմիության գործադիր կոմիտեն՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Արհեստակցական միությունը համարվում է ճյուղային արհմիության մասնակից /անդամ/՝՝ այդ մասին ճյուղային արհմիության գործադիր կոմիտեի որոշումը ընդունվելուց հետո:

Ճյուղային արհմիությանը մասնակցելու /անդամակցելու/ մասին արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմնի դիմումը մերժվելու դեպքում արհես-տակցական միությունը կարող է երկրորդ անգամ դիմել երեք ամիս հետո: Դիմումը մերժելու մասին Ճյուղային արհմիության գործադիր կոմիտեի որոշումը պետք է լինի հիմնավորված:

Հոդված 14.

Սույն կանոնադրության պահանջները խախտելու դեպքում արհեստակցական միությունը, Ճյուղային արհմիության ղեկավար մարմնի որոշմամբ, կարող է զգուշացվել կամ Ճյուղային արհմիության կազմից հեռացվել:

Հոդված 15.

Ճյուղային արհմիության մասնակիցը /անդամը/ իրավունք ունի.

1. Պատվիրակել իր մասնակիցներին /անդամներին/ ճյուղային արհմիության ղեկավար մարմինների և վերստուգիչ հանձնաժողովի կազմերում:

2. Ճյուղային արհմիության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել փաստաթղթերի նախագծեր, առաջարկություններ, ստանալ դրանց վերաբերյալ որոշումներ:

3. Դիմել ճյուղային արհմիության ղեկավար մարմիններին իր աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանության միջնորդությամբ:

4. Մասնակցել ճյուղային արհմիության կողմից կնքվող համաձայնագրի նախագծերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին:

5. Մասնակցել ճյուղային արհմիության գործունեության ծրագրերի մշակմանը:

6. Ստանալ տեղեկատվություն ճյուղային արհմիության ֆինանսատնտեսական գործունեության մասին:

Հոդված 16.

Ճյուղային արհմիության մասնակիցը /անդամը/ պարտավոր է.

1. Կատարել սույն կանոնադրության պահանջները, ճյուղային արհմիության ղեկավար մարմինների որոշումները:

2. Նշված ժամկետում ճյուղային արհմիությանը մուծել սահմանված չափի անդամավճարը:

3. Ճյուղային արհմիության մասնակցությունից /անդամակցությունից/ դուրս գալու որոշման մասին նախապես գրավոր տեղյակ պահել ճյուղային արհմիության գործադիր կոմիտեին:

4. Ցուցաբերել փոխադարձ համերաշխություն Ճյուղային արհմիության մասնակիցների /անդամների/ միջև՝ աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված ճյուղային արհմիության ղեկավար մարմնի կազմակերպած միջոցառումների ժամանակ:

Գլուխ 4.

Ճյուղային արհմիության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները

Հոդված 17.

Ճյուղային արհմիության ղեկավար մարմիններն են ճյուղային արհմիության համագումարը և ճյուղային արհմիության գործադիր կոմիտեն /այսուհետ՝ գործկոմ/:

Հոդված 18.

Ճյուղային արհմիության բարձրագույն ղեկավար մարմինը ճյուղային արհմիության համագումարն է, որը հրավիրվում է գործկոմի որոշմամբ ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ:

Հոդված 19.

Ճյուղային արհմիության գործկոմը և վերստուգիչ հանձնաժողովը կազմավորվում են ճյուղային արհմիության համագումարի կողմից հինգ տարի ժամանակով:

Ճյուղային արհմիության նախագահն ի պաշտոնե համարվում է գործկոմի նախագահ:

Գործկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրված է համարվում արհեստակցական կազմակերպության այն մասնակիցը /անդամը/, ով ստանում է համագումարի պատվիրակների ձայների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում կատարվում է վերաքվեարկություն:

Հոդված 20.

Գործկոմի որոշումը ճյուղային արհմիության համագումարի հրավիրման, ներկայացուցչական նորմայի, օրակարգի, անցկացման տեղի և ժամկետի մասին ընդունվում է համագումարից մեկ ամիս առաջ: Համագումարի պատվիրակների ընտրության կարգը որոշում է գործկոմը:

Բացառիկ դեպքերում հրավիրվում է արտահերթ համագումար, որի մասին արհկոմիտեի որոշումը ընդունվում է մեկ շաբաթ առաջ: Ճյուղային արհմության նախագահն ի պաշտոնե համարվում է համագումարի պատվիրակ:

Հոդված 21.

Ճյուղային արհմիության համագումարը.

1.Լսում է հաշվետու ժամանակահատվածում գործկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ընդունում է համապատասխան որոշումներ:

2. Հաստատում է ճյուղային արհմիության կանոնադրությունը, գործկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգերը, նրանցում լրացումներն ու փոփոխությունները:Հաստատում է ճյուղային արհմիության գործունեության ծրագիրը, գործկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը, ընդունում է դիմումներ, հայտարարություններ, որոշումներ:

3. Ընտրում է ճյուղային արհմիության նախագահ /հինգ տարի ժամանակով/, անհրաժեշտության դեպքում՝ ետ կանչում նրան զբաղեցրած պաշտոնից:

4. Ընդունում է որոշումներ ճյուղային արհմիության վերակազմակերպման և լուծարման մասին:

Հոդված 22.

Ճյուղային արհմիության համագումարը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են համագումարի ընդհանուր պատվիրակների թվի երկու երրորդից ավելին:

Հոդված 23.

Ճյուղային արհմիության համագումարի որոշումն համարվում է ընդունված, եթե որոշումների օգտին քվեարկում են համագումարի պատվիրակների կեսից ավելին: Քվեարկության կարգը (բաց կամ փակ /գաղտնի/),որոշում է ճյուղային արհմիության համագումարը:

Հոդված 24.

Ճյուղային արհմիության համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ճյուղային արհմիության աշխատանքները ղեկավարում է ճյուղային արհմիության գործկոմը, որի թվակազմը, թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը որոշում է ճյուղային արհմիության համագումարը:

Ոլորտի կազմակերպությունների ղեկավար անձիք, ինչպես նաև գործատուները և գլխավոր հաշվապահները իրավունք չունեն լինելու գործկոմի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:

Հոդված 25.

Ճյուղային արհմիության գործկոմը.

1. Հրավիրում է ճյուղային արհմիության համագումար, հաստատում է նրա ներկայցուցչական նորման, օրակարգի նախագիծը,անցկացման տեղը և ժամկետը:

2. Իրագործում է ճյուղային արհմիության համագումարի որոշումները, սույն կանոնադրության պահանջները:

3. Համաձայնագրերի մշակման և կնքման ժամանակ ներկայացնում և պաշտպանում է ճյուղային արհմիության շահերը:

4. Օրենքով սահմանված կարգով կազմակերպում է խաղաղ, առանց զենքի երթեր, ցույցեր, գործադուլներ, մարզամշակութային և զանգվածային այլ միջոցառումներ:

5. Ընդունում է ճյուղային արհմիության կազմում նոր մասնակիցների /անդամների/, հեռացնում է մասնակիցներին /անդամներին/ ճյուղային արհմիության կազմից:

6. Հաստատում է ճյուղային արհմիության բյուջեն, քննարկում է վերստուգիչ հանձնաժողովի կողմից ֆինանսական ստուգումների արդյունքները:

7. Կատարում է աշխատանքի բաժանում ճյուղային արհմիության նախագահի և գործկոմի անդամների միջև:

8. Լսում է ճյուղային արհմիության նախագահի կատարած աշխատանքի մասին հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում, նախագահի դիմումի համաձայն ետ է կանչում նրան զբաղեցրած պաշտոնից` համագումարի որոշմամբ:

9. Համապատասխան մարմինների խրախուսմանն է ներկայացնում մասնակից /անդամ/ կազմակերպությունների և ճյուղային արհմիության առավել աչքի ընկած մասնակիցներին /անդամներին/:

10. Որոշում է կայացնում առանձնացված ստորաբաժանումների ստեղծման մասին, հաստատում նրանց կանոնադրությունը:

11. Հաստատում ճյուղային արհմիության աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի չափերը:

Հոդված 26.

Գործկոմի նիստը հրավիրում է ճյուղային արհմիության նախագահը՝ հաստատված ժամանակացույցի համաձայն, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և իրավազոր է, եթե նրա աշխատանքին մասնակցում է գործկոմի անդամների ոչ պակաս, քան երկու երրորդը: Գործկոմի որոշումները համարվում են ընդունված, եթե որոշման օգտին քվեարկում են նիստին մասնակցած գործկոմի անդամնրի կեսից ավելին: Քվեարկության ձևը (բաց կամ փակ /գաղտնի/) որոշում է գործկոմը:

Հոդված 27.

1. Ճյուղային արհմիության նախագահը կազմակերպում է ճյուղային արհմիության համագումարի, համաժողովի, գործկոմի որոշումների կենսագործումը, ղեկավարում է գործկոմի և գործկոմի աշխատակազմի աշխատանքները, ընդունում է մասնակիցների /անդամների/ դիմումները, վարձու աշխատողների աշխատանքային շահերի հետ կապված տարբեր հարցերով բանակցում է գործատուի հետ, հանդես է գալիս վարկի կարգադրիչներ:

2. Հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 87 հոդվածը, Ճյուղային Արհմիության նախագահի հետ Աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի գործկոմի անդամներից որևէ մեկի հետ: ՃՀՄ նախագահը իրականացնում է աշխատակազմի աշխատողների ընդունումը, ազատումը, աշխատանքային պայմանագրերի կնքումը:

Հոդված 28.

Ճյուղային արհմիության ղեկավար մարմինների որոշումների կենսագործմանը նպաստելու, մասնակից /անդամ/ կազմակերպություններին մեթոդական և գործնական օգնություն ցույց տալու, ֆինանսական և բանկային գործարքները կատարելու, Ճյուղային արհմիության նախագահի, աշխատանքներին օգնելու նպատակով Ճյուղային Արհմիությունը կարող է ունենալ աշխատակազմ, որի կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատավարձերի չափը սահմանում է նախագահությունը:

Հոդված 29.

Ճյուղային արհմիության նախագահի բացակայության դեպքում վերջինիս լիազորությունները իրականացնում է ճյուղային արհմիության գործկոմի անդամներից որևէ մեկը:

Հոդված 30.

Ճյուղային արհմիության ֆինանսատնտեսական գործունեությունը, բյուջեների կատարումը, համաժողովի և գործկոմի որոշումների կատարումը վերահսկելու նպատակով ճյուղային արհմիության համաժողովը արհեստակցական միության մասնակիցներից /անդամներից/ հինգ տարի ժամանակով, ընտրում է վերստուգիչ հանձնաժողով, հաստատում նրա աշխատակարգը:

Հոդված 31.

Ճյուղային արհմիության վերստուգիչ հանձնաժողովը ընտրում է հանձնաժողովի նախագահ, հաստատում է հանձնաժողովի գործունեության ծրագիրը:

Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է ճյուղային արհմիության համագումարին: Վերստուգումների արդյունքների մասին վերստուգիչ հանձնաժողովը տեղեկություն է տալիս գործկոմին:

Վերստուգիչ հանձնաժողովի աշխատակարգային գործունեությունը ապահովելու անհրաժեշտ ծախսերը կատարվում են ճյուղային արհմիության միջոցների հաշվին:

Գլուխ 5.

Ճյուղային արհմիության սեփականությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը

Հոդված 32.

Ճյուղային արհմիության սեփականությունը գոյանում է մասնակիցների /անդամների/ անդամավճարներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, գործատուի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումներից, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 33.

Ճյուղային արհմիության սեփականություն կարող են հանդիսանալ շենքեր, առողջարանային, հանգստի, տուրիստական, մարզական, մշակութային հիմնարկներ, ինչպես նաև այլ ունեցվածք, որոնք ապահովում են իրականացնելու ճյուղային արհմիության կանոնադրական պահանջները:

Հոդված 34.

Գործկոմի որոշմամբ սահմանվում է ճյուղային արհմիության մասնակցի /անդամի/ կազմակերպության ամենամսյա անդամավճարի չափը արհեստակցական կազմակերպության մասնակցի /անդամի/ ամսեկան եկամտի մոտ մեկ տոկոսի ոչ պակաս քսան տոկոսը: Անդամավճարը մուծվում է անկանխիկ ձևով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մուտքի վճարը սահմանում է 5.000 /հինգ հազար/ դրամ:

Հոդված 35.

Ճյուղային արհմիության սեփականությունը չի բաժանվում մասնակից /անդամ/, կազմակերպություններին, այն օգտագործվում է գործկոմի որոշմամբ՝ Ճյուղային արհմիության կանոնադրության պահանջների համապատասխան:

Հոդված 36.

Գործկոմը տնօրինում, տիրապետում և օգտագործում է ճյուղային արհմիության սեփականությունը: Ճյուղային արհմիության տարեկան բյուջեի կատարման մասին հաշվետվությունը՝ վերստուգիչ հանձնաժողովի ստուգումների ակտի հետ միասին քննարկվում է գործկոմի նիստում:

Հոդված 37.

Գործկոմը կարող է ունենալ բանկային հաշիվներ, այդ թվում՝ արտարժութային:

Հոդված 38.

Ճյուղային արհմիության կազմից մասնակից /անդամ/ կազմակերպության դուրս գալու դեպքում նրան չի վերադարձվում իր կողմից որպես անդամավճար մուծած գումարը:

Հոդված 39.

Ճյուղային արհմիության գույքի օտարումը կատարվում է գործկոմի որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գլուխ 6.

Արհեստակցական կազմակերպության կապերը

Հոդված 40.

Ճյուղային արհմիությունը, ի դեմս գործկոմի, սույն կանոնադրության պահանջներին համապատասխան կարող է համաձայնագրեր կնքել և համագործակցել տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

Գլուխ 7.

Ճյուղային արհմիության իրավունակությունը: Ճյուղային արհմիության վերակազմակերպումը և լուծարումը

Հոդված 41.

Ճյուղային արհմիությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում գրանցվելուց և գրանցման վկայական ստանալուց հետո:

Ճյուղային արհմիությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտավորություններ:

Ճյուղային արհմիությունն ունի հայերեն և ռուսերեն լեզուներով իր անվանումով կնիք, դրոշմ, անվանաթերթիկ, բանկային հաշիվներ:

Հոդված 42.

Ճյուղային արհմիության վերակազմակերպումը /միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը/ իրականացվում է ճյուղային արհմիության համագումարի որոշմամբ՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոդված 43.

Ճյուղային արհմիության լուծարումը տեղի է ունենում օրենքով և /կամ/ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոդված 44.

Ճյուղային արհմիության լուծարման մասին որոշումը քննարկվում է ճյուղային արհմիության համագումարում: Լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ճյուղային արհմիության համագումարը ընտրում է լուծարման հանձնաժողով, սահմանում լուծարման կարգը և ժամկետները և օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը օգտագործում է ճյուղային արհմիության նպատակների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխանցում է պետական բյուջե:

Ճյուղային արհմիությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած, այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.